Հարգելի արվեստագետներ, 📢
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն, հետամուտ լինելով Բիենալեի իրականացման միջազգային կարգին և ժամանակացույցին, 2024թ. սեպտեմբրի 15-ին ազդարարում են «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի պաշտոնական գրանցումը:
Երևանյան Բիենալեի կազմկոմիտեն ուրախությամբ կընդունի Ձեր հայտադիմումները 2024թ.-ի սեպտեմբրի 15-ից նոյեմբերի 15-ը:
«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ին գրանցվելու և մանրամասն տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի պաշտոնական կայք` http://yerevanprintbiennale.com/ և ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/yerevanprintbiennale/?ref=bookmarks
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեի հետ՝ info@kulturdialog.org
Հիշեցնենք, որ միջմշակութային փոխանակումների ստեղծմանն ու հայ և օտարազգի արվեստագետների միջև երկխոսության ձևավորմանն օժանդակող «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն առաջին անգամ Երևանում 2017թ․-ին իրականացրեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան, 2017» լայնածավալ նախագիծը:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»–ին մասնակցելու էր դիմել 955 նկարիչ 73 երկրից, ընդհանուր առմամբ 3230 աշխատանքով։ Արդյունքում միջազգային ժյուրին Երևանում անցկացվող եզրափակիչ մրցույթին ներկայացնելու համար ընտրել էր 50 երկրից 227 արվեստագետի 447 աշխատանք:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ին մասնակցության հայտ էր ներկայացրել 76 երկրից 1215 արվեստագետ՝ ավելի քան 5000 աշխատանքով, իսկ միջազգային մրցույթին ներկայացվեց 47 երկրից 214 արվեստագետի 337 աշխատանք։
«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային Բիենալե, Երևան 2021»-ին մասնակցության հայտ էր ներկայացրել 67 երկրից 714 արվեստագետ՝ ավելի քան 2300 աշխատանքով, իսկ միջազգային մրցույթին ներկայացվեց 53 երկրի 353 արվեստագետի 496 աշխատանք։
«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային Բիենալե, Երևան 2023» -ի միջազգային ժյուրին Երևանում վերջնական մրցույթում ցուցադրելու համար ներկայացված 55 երկրի 413 արվեստագետի՝ 1500 աշխատանքից ընտրեց 53 երկրի 231 փորագրանկարչի 356 աշխատանք։
Այսպիսով, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն սիրով սպասում են Ձեր հայտադիմումներին:
«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե,
Երևան 2025»-ի կազմկոմիտե