Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019



ՀԱՄԱՏԵՔՍՏ


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2017թ.-ին Երևանում /Հայաստան/ մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը (1st International Print Biennale, Yerevan 2017):

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է և ժամանակատար: Զարմանալի է, երբ որոշ արվեստագետներ հրաժարվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած «հարմարավետությունից» և նախընտրում աշխատատար՝ վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերևս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատև և դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության (փորագրանկարչություն, էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այժմ աշխարհում գոյություն ունեն կերպարվեստի այս ճյուղին նվիրված շուրջ հիսուն գործող փառատոններ՝ ամենալայն աշխարհագրությամբ: Գրաֆիկական ֆորումների և դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է:

Գեղարվեստական տպագրության նկատմամբ լայն հետաքրքրությունն ունի իր բացատրությունը. ի տարբերություն գեղանկարի և քանդակի, փորագրանկարները կատարվում են թղթի վրա, սովորաբար ունենում են որոշակի տպաքանակ, համեմատաբար համեստ արժեք և շատ հարմար են փոստով ուղարկելու համար: Սակայն, ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության արժեքը և առավել լայն է ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը` հնարավորություն ընձեռելով ավելի ամբողջական դիտարկել ձևաբանական նորագույն միտումները կերպարվեստում ընդհանրապես: Պարբերաբար կազմակերպվող ցուցադրություններն այդ տեղեկատվությունը թարմացնելու առաքելությունն ունեն: Այսպիսով, այս ցուցադրություն-մրցույթները, ճանաչողական խնդիրներից զատ, ունեն մշակութային ինտեգրացիոն նշանակություն:

Հայաստանում բացառապես գեղարվեստական տպագրությանը նվիրված միջազգային պարբերական փառատոն նախաձեռնելու գաղափարը հասունանում էր շուրջ տաս տարի՝ սկսած 2007թ.-ից, երբ դաշտում գործող երիտասարդ համախոհ արվեստագետների «Արթ Գրուպ» ստեղծագործական խմբի կողմից կազմակերպվեց «Էստամպ 2007» միջազգային ցուցահանդեսը: Այս ցուցադրությունը նշանակալի իրադարձություն դարձավ մայրաքաղաքի մշակութային կյանքում:

2013թ.-ից հայ գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացմանը նպաստող հետևողական քայլեր ձեռնարկեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը:

2012թ.-ին արվեստաբան Սոնա Հարությունյանի կողմից հիմնադրված կազմակերպությունը՝ նպատակ ունենալով հայ արդի արվեստի տարածումն ու հանրահռչակումը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, գործունեության հինգ տարիների ընթացքում արվեստի և մշակույթի տարբեր բնագավառներում (կերպարվեստ, լուսանկարչություն, երաժշտություն, կինո և այլն) իրականացրած շուրջ հիսուն միջազգային նախագծերի գրեթե մեկ երրորդը նվիրեց կերպարվեստի այս ուրույն ճյուղին, դարձնելով այն սեփական ծրագրային առաջնահերթություններից մեկը: Եվրոպական մի շարք քաղաքների՝ Բոննի, Հալլեի, Ֆրայբուրգի /Գերմանիա/, Տալլինի /Էստոնիա/, Արլեսհայմի, Բազելի /Շվեյցարիա/ պետական և մասնավոր կառույցների, ցուցասրահների, մասնագիտական արվեստանոցների հետ հաստատված երկխոսության և փոխգործակցության արդյունքում, գեղարվեստական տպագրությամբ զբաղվող հայ արվեստագետների համար ստեղծվեցին ներկայանալու նոր, միջազգային հարթակներ: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով մեկնարկեցին բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք հնարավորություն են ընձեռում հայ նկարիչներին աշխատել տեխնիկապես հագեցած տպագրական արվեստանոցներում, էստամպի թե՛ ավանդական, և թե՛ ժամանակակից տեխնիկաներով (“Burggiebichenstein” Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստանոցներ /Հալլե, Գերմանիա/, “Kunsthaus L6”-ի տպագրական արվեստանոց /Ֆրայբուրգ, Գերմանիա/, Էստոնիայի Նկարիչների միության փորագրանկարչական արվեստանոց, “Albatross Editions” օֆսեթ վիմատպության արվեստանոց /Տալլին, Էստոնիա/, “Druckwerk” տպագրատուն /Բազել, Շվեյցարիա/): Մի շարք թանգարաններում, ցուցասրահներում կազմակերպվեցին անհատական և խմբակային ցուցահանդեսներ, որտեղ հայ գրաֆիկները հանդես եկան նաև տեղացի գործընկերների հետ համատեղ:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը գեղարվեստական տպագրությանը վերաբերվող նախագծեր իրականացրեց նաև Երևանում, ներկայացնելով հայ արվեստասերին քիչ ծանոթ ու անսովոր կերպարվեստի այս ճյուղը:

Ուշագրավ էր 2015թ.-ին Հայաստանի Նկարիչների միությունում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում կայացած էստոնական ժամանակակից փորագրանկարչության «Գոյության զարմանքը» լայնածավալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում «Էստոնական գեղարվեստական տպագրությունը երեկ, այսօր և վաղը» ընդգրկուն զեկույցով հանդես եկավ Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ տիկին Ինգա Հեամեգին, կազմակերպվեց էստոնացի արվեստագետ Տարրվի Լաամանի փայտափորագրության տեխնիկային նվիրված վարպետության դասը:

2013-2016թթ.-ին իրագործված նպատակային ծրագրերի արդյունքում հայ գեղարվեստական տպագրության ոլորտում պատկերը որոշակիորեն փոխվեց. նկատելի էր հետաքրքրության և ընդհանուր տեղեկացվածության աճ: Առավել շատ երիտասարդ արվեստագետներ սկսեցին դիմել փորագրանկարչական այս կամ այն միջոցին:

Գիտակցելով հայ արվեստում գեղարվեստական տպագրության առկայության և այս ոլորտում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կայացման կարևորությունը, հաշվի առնելով դաշտում գործող արվեստագետների նվաճումներն ու ներուժը, ինչպես նաև ամփոփելով այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, կուտակած փորձն ու առկա արդյունքները, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը հետամուտ եղավ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի իրագործմանը:

2015թ.-ի վերջում կազմակերպության շուրջ համախմբված նկարիչներից, մշակութաբաններից ձևավորվեց կազմկոմիտե: Մշակվեցին բիենալեի հայեցակարգը, ծրագրային դրույթներն ու ժամանակացույցը: Ձեռնարկվեց տեղեկատվության և հրավերների տարածման գործընթացը: Կապեր հաստատվեցին աշխարհի բազմաթիվ նմանօրինակ փառատոնների, մասնագիտական կառույցների, միությունների, տպագրատների, ցուցասրահների, արվեստի տպագիր և էլեկտրոնային պարբերականների և անհատ արվեստագետների հետ:

Բիենալեի կազմկոմիտեի հրավերով ձևավորվեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի ժյուրին, որի կազմում էին Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ, արվեստի մագիստրոս Ինգա Հեամեգին՝ Էստոնիայից /ժյուրիի նախագահ/, Ֆրայբուրգի քաղաքապետարանի Մշակութային գրասենյակի ղեկավար Ախիմ Քյոնեկեն՝ Գերմանիայից /ժյուրիի փոխնախագահ/, Բազելի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման “Atelier Mondial” միջազգային ծրագրի ղեկավար, դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին՝ Շվեյցարիայից, «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից:

2016թ.-ի սեպտեմբերի 15ին մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հայտագրման փուլը:

Երեք ամսվա ընթացքում աշխարհի 76 երկրից մասնակցության հայտ ներկայացրեց 955 արվեստագետ՝ 3230 աշխատանքով:

Բիենալեի ընտրական առաջին փուլի արդյունքները հրապարակվեցին 2017թ.-ի մարտի 1ին: Միջազգային ժյուրիի որոշմամբ սկզբնական փուլը հաղթահարեց 50 երկրի 227 արվեստագետ՝ 447 աշխատանքով:

Սկսվեց բնօրինակ աշխատանքների ընդունման, դասդասման, փոստային առաքման ընթացքում վնասված թերթերի վերականգման և պահպանման գործընթացը: Ծավալվեցին բիենալեի մրցութային ցուցադրության և ծրագրային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Հարկ է նշել, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ին ընդառաջ մի շարք նոր նախագծեր իրականացրեց.

Դեռևս 2016թ.-ի հունվարին, կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման “Atelier Mondial” միջազգային ծրագրի շրջանակներում մշակութային նոր երկխոսություն սկիզբ առավ՝ Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջև:

Ծրագրի առաջին մասնակից Արման Վահանյանի Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում վեցամսյա ստեղծագործական կեցության ընթացքում, “Freiburg Stimmt Ein” միջազգային մշակութային փառատոնի շրջանակներում կայացավ հայ արվեստագետի՝ լինոփորագրության տեխնիկային նվիրված վարպետության դասը:

2016թ.-ի հունիսին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և շվեյցարական Արլեսհայմ համայնքի “Аtelierhaus Аrlesheim”-ի համագործակցությամբ մեկնարկեց “KunstDialog” ամենամյա ցուցահանդեսային շարքը. “a.a.1 KulturRaum Arlesheim” ցուցասրահում բացվեց Արման Վահանյանի և շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի “KunstDialog №1” համատեղ ցուցահանդեսը, որտեղ Վահանյանը ներկայացավ տարբեր տարիներին ստեղծված փորագրանկարներով:

Ֆրայբուրգ քաղաքի մշակութային կառույցների հետ հաստատված ամուր գործընկերային հարաբերությունների շնորհիվ 2016թ.-ի վերջում Արման Վահանյանը կազմակերպության կողմից երկու ամսով գործուղվեց Ֆրայբուրգի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող “Kunsthaus L6”-ի տպագրական արվեստանոցում աշխատելու:

2017թ.-ի հունվարին Վահանյանը, որպես “Atelier Mondial” ծրագրի կրկնակի մասնակից մեկնեց Բազել: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հովանավորությամբ արվեստագետը հնարավորություն ստացավ երեք ամիս շարունակ աշխատել շվեյցարացի նկարիչ-գրաֆիկներ Մարսել Մայերի և Ֆլորիան Դամմայերի կողմից հիմնադրված “Druckwerk” տպագրատանը: Նախագծի ավարտին “Salon Mondial” ցուցասրահում կայացավ Արման Վահանյանի «Օրվա մակերեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Ֆրայբուրգում և Բազելում, ինչպես նաև 2014թ.-ին Տալլինում /Էստոնիա/, էստամպի տարբեր տեխնիկաներով ստեղծված գրաֆիկական թերթերը: Նույն օրերին Վահանյանը “Druckwerk”-ի հոգաբարձուների խորհրդի հրավերով մասնակցեց տպագրատան շուրջ համախմբված արվեստագետների “Eindruck” վերնագրությամբ ցուցահանդեսին:

2017թ.-ի մարտին բացվեց “KunstDialog” շարքի երկրորդ ցուցահանդեսը, որտեղ Թերեզե Վեբերի աշխատանքների հետ երկխոսության մեջ ներկայացվեցին “Atelier Mondial” միջազգային ծրագրի երկրորդ հայ մասնակից Տիգրան Սահակյանի փորագրանկարչական զանազան եղանակներով ստեղծված նկարաշարերը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ գործակցելով Բոննի /Գերմանիա/ “Kurfürstliches Gärtnerhaus” քաղաքային ցուցասրահի հետ, 2017թ.-ի ապրիլին գերմանացի հանդիսատեսին ներկայացրեց Արման Վահանյանի «Զուգահեռ իրականություններ» հետահայաց ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրված էր արվեստագետի էստամպային գրաֆիկային և ներկայացնում էր փորագրանկարչի վերջին 17 տարվա ստեղծագործական ուղին:

2017թ.-ի հուլիսին, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության միջնորդությամբ՝ որպես Արվեստագետների փոխանակման “Atelier Mondial” միջազգային ծրագրի հերթական մասնակից, վեցամսյա ժամկետով Հայաստան ժամանեց շվեյցարացի նկարիչ-գրաֆիկ, Բազելի “Druckwerk” տպագրատան համահիմնադիր Մարսել Մայերը: Արվեստագետի երևանյան կեցության ընթացքում կազմակերպվեցին մի շարք սեմինարներ՝ ուսանողների և արվեստասերների համար.

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարսել Մայերը հնարավորություն ստացավ աշխատել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի փորագրանկարչական արվեստանոցում: Նկարիչը՝ ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, վիմատպության տեխնիկային նվիրված տևական գործնական դասախոսություններ վարեց ակադեմիայի ուսանողների հետ:

Համագործակցելով Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շվեյցարացի արվեստագետի ղեկավարմամբ, բարձր տպագրության տեխնիկաներին նվիրված երկու երկարաժամկետ աշխատարան իրականացրեց կենտրոնի սաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար, ինչն էլ «ԹՈՒՄՈ»-ում գեղարվեստական տպագրության արվեստանոց հիմնելու առիթ հանդիսացավ:

Մարսել Մայերը լինոփորագրության ևս մեկ վարպետության հանրային բաց դաս անցկացրեց Երևանի Միրզոյան լուսանկարչական գրադարանում:

Այս և նախկինում քայլ առ քայլ իրականացված բազմաթիվ ծրագրերը ձևավորեցին Հայաստանում գեղարվեստական տպագրության փառատոն հիմնելու անհրաժեշտությունն ու գաղափարը և նախերգանք դարձան հայաստանյան մշակութային դաշտում այդ նոր ու եզակի իրադարձության համար:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 25ին.

Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որտեղ տեղակայված էր բիենալեի հիմնական` մրցութային ցուցադրությունը, միջազգային ժյուրիի անդամների, աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակից արվեստագետների, համանման փառատոնների պատվիրակների, հյուրերի, պետական և մասնավոր մշակութային կառույցների ներկայացուցիչների, լրագրողների և բազմաքանակ հանդիսատեսի ներկայությամբ, տեղի ունեցավ բիենալեի բացման հանդիսավոր արարողությունը:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26ին ժյուրին սկսեց իր աշխատանքը:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտեի կողմից սահմանվել էին հետևյալ մրցանակները.

  • Գլխավոր մրցանակ /մեդալ/
  • Առաջին մրցանակ /մեդալ/
  • Երկրորդ մրցանակ /մեդալ/
  • Երրորդ մրցանակ /մեդալ/

(Մեդալները հեղինակային աշխատանքներ էին և պատրաստվել էին հայ քանդակագործ Մելիք Շահնազարյանի կողմից)

Նախատեսված էր նաև 12 նույնարժեք Պատվոգիր՝ լավագույն աշխատանքների համար:

Հոկտեմբերի 28ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի սրահներում կայացավ մրցանակաբաշխության հանդիսությունը: Երկու օր տևած լարված, քննարկումներով լի ընտրությունից հետո միջազգային ժյուրին հայտարարեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հաղթողների և մրցանակակիրների անունները.

  • Գլխավոր մրցանակ՝ Դարինա Պիևա /Բուլղարիա/
  • Առաջին մրցանակ՝ Թոմաշ Վինիարսկի /Լեհաստան/
  • Երկրորդ մրցանակ՝ Մինյե Ժանգ /Չինաստան/
  • Երրորդ մրցանակ՝ Արման Վահանյան /Հայաստան/

Ընտրության ընթացքում ժյուրին սահմանել էր ևս երկու մրցանակ.

  • Ժյուրիի Հատուկ մրցանակ` Ուլրիխ Վոլֆ /Գերմանիա/
  • Ժյուրիի անդամ դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբայի Հատուկ մրցանակ՝
  • Գուդրուն Կոպպել /Էստոնիա/

Երևանյան առաջին բիենալեի Պատվոգրերին արժանացան հետևյալ արվեստագետները (այբբենական կարգով).

  • Շերին Ադնան /Իրաք, Քուրդիստան/
  • Զախարիաս Արվանիտիս /Հունաստան/
  • Մոնիկա Բժեգովսկա /Լեհաստան/
  • Յուտամաս Բունչարոեն /Թայլանդ/
  • Կարեն Կունց /ԱՄՆ/
  • Ջոնաթան ՄքՖադդեն /ԱՄՆ/
  • Տիանֆենգ Յանգ /Չինաստան/
  • Ռիմա Նանյան /Հայաստան/
  • Տիգրան Սահակյան /Հայաստան/
  • Ելենա Սրեդանովիչ /Սերբիա/
  • Քլեո Վիլքինսոն /Ավստրալիա/
  • Կառոլ Տեքսիե /Ֆրանսիա/

Հաշվի առնելով ներկայացված աշխատանքների գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակը՝ բիենալեի կազմկոմիտեի կողմից, սեփական ընտրությամբ, ևս 15 արվեստագետի շնորհվեցին համարժեք Պատվո վկայագրեր (այբբենական կարգով).

  • Պետեր Ալլիկ /Էստոնիա/
  • Մարգարիտ Լեմանն /Շվեյցարիա/
  • Ֆու Լիու /Չինաստան/
  • Քլաուս Լյոշե /Գերմանիա/
  • Նաթան Մելց /ԱՄՆ/
  • Փենգչենգ Յանգ /Չինաստան/
  • Մագդա Շփլիթ /Լեհաստան/
  • Կրաիսակ Չիրաչայսակուլ /Թայլանդ/
  • Կարոլ Պոմիկալա /Լեհաստան/
  • Յակո Պուտկեր /Նիդերլանդներ/
  • Յուանհե Սաի /Չինաստան/
  • Մալգորժատա Ստախուրսկա /Լեհաստան/
  • Արմեն Տեր-Մկրտչյան /Հայաստան/
  • Աննա Տրոյանովսկա /Լեհաստան/
  • Յուան Քսիանգ /Չինաստան/

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցութային ցուցադրությունն ու ծրագրային միջոցառումները շարունակվեցին մինչև դեկտեմբերի 15ը՝ ներգրավելով մայրաքաղաքի մի շարք մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ և ցուցասրահներ.

Հոկտեմբերի 26ին՝ Միրզոյան լուսանկարչական գրադարանում տեղի ունեցավ բիենալեի մասնակից, բրազիլացի արվեստագետ Ադրիանո Կաստրոյի «Բրազիլական ներդրում» վերտառությամբ հանրային բանախոսությունը, որը ներկայացնում էր բրազիլական ժամանակակից էստամպային գրաֆիկայում նկատելի զարգացումների, ոճական միտումների, արծարծվող թեմաների համապատկերն ու հաճախ կիրարկվող՝ բնորոշ տեխնիկական մոտեցումները:

Հոկտեմբերի 27ին՝ բիենալեի ժյուրիի անդամ, գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան, Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կարդաց լեհ հանրաճանաչ գեղանկարիչ, գրաֆիկ Յերժի Պանեկի կյանքի և ստեղծագործության մասին «Ո՞վ է նա, Յերժի Պանեկը Կրակովից» վերլուծական ակնարկը:

Միրզոյան լուսանկարչական գրադարանում՝ հոկտեմբերի 29ին ներկայացվեցին շվեյցարացի գրաֆիկ Մարսել Մայերի Երևանում վարած սեմինարների արդյունքներն ու աշխատարանների ընթացքում մասնակից ուսանողների կողմից ստեղծված աշխատանքները:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, նոյեմբերի 7ին՝ “Dalan Art” պատկերասրահում բիենալեի հյուրերին և հայ հանդիսատեսին ներկայացրեց Արման Վահանյանի՝ տարեսկզբին Շվեյցարիայում կայացած «Օրվա մակերեսը» անհատական ցուցահանդեսը:

Նոյեմբերի 17ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Պատվավոր հյուր` “Atelier Mondial” միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստանում հյուրընկալված շվեյցարացի տպագրող գրաֆիկ Մարսել Մայերի «Ժամանակի խճանկարը» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նաև նկարչի հայաստանյան կեցության ընթացքում ստեղծված գրաֆիկական թերթերը:

Ցուցահանդեսի օրերին արվեստագետն անմիջապես ցուցասրահում աշխատում էր իր վերջին մեծադիր փորագրանկարի վրա, ինչն այցելուների համար վերածվեց յուրատեսակ վարպետության բաց դասի, հաղորդակից դարձնելով նրանց գեղարվետական տպագրության նմուշի ստեղծման ողջ ընթացքին՝ փորագրական տախտակի պատրաստումից մինչև տպագրություն:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը լայն արձագանք գտավ հայ արվեստասեր հանրության շրջանում: Հատկանշական էր ուշադրությունը ուսանողների և արվեստագետների կողմից, որոնք այցելում էին ցուցահանդեսներ, մասնակցում դասախոսություններին և վարպետության դասերին Հայաստանի տարբեր քաղաքներից:

Նկատի առնելով առաջացած մեծ հետաքրքրությունը՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, Երևանի գերմանական «Գյոթե կենտրոն»-ի հետ համագործակցությամբ, 2018թ.-ի մարտին նախաձեռնեց “Post Contest Exhibition 2018” նախագիծը, հնարավորություն ստեղծելով առանձին ցուցադրությամբ, ևս մեկ անգամ ծանոթանալու բիենալեի մրցանակակիր արվեստագետների աշխատանքներին:

2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ներկայացրեց հայ-ֆրանսիական պատմական բարեկամությանն ու միջմշակութային առնչություններին նվիրված «Գիրք և գինի» ցուցահանդեսը: Ցուցադրությունում ընդգրկված թանգարանային նմուշների, վավերագրական նյութերի շարքում ներկայացվեցին երևանյան առաջին բիենալեի մասնակից ֆրանսիացի արվեստագետների փորագրանկարները՝ որպես մերօրյա մշակութային հաղորդակցության օրինակ:

Բիենալեի ընթացքում նաև տարբեր ձևաչափերով միջազգային նոր գործակցություններ ուրվագծվեցին, որոնցից առաջինը կյանքի կոչվեց 2018թ.-ի ամռանը.

Փառատոնի առիթով Երևանում գտնվող Բազելի /Շվեյցարիա/ էստամպային գրաֆիկայի “Edition Basel” ամենամյա միջազգային ծրագրի կազմակերպիչներից Մարգարիտ Լեմաննի հետ համաձայնություն ձեռք բերվեց՝ նախագծին հայ արվեստագետների մասնակցության վերաբերյալ: Տարեկան երկու հաջորդական հավաքով իրականացվող ծրագրի առաջին հայ մասնակիցներն էին Հասմիկ Սնգրյանն ու Արման Վահանյանը: “Druckwerk” տպագրատանն աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետները դասական, հեղինակային և փորձարարական զանազան տեխնիկաներով աշխատեցին համատեղ ընտրված ընդհանուր թեմաների շուրջ: Տասներկուօրյա աշխատարանների արդյունքները ներկայացվեցին “Kaskadenkondensator Basel” պատկերասրահում և “Basler Papiermuhle” թանգարանում:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը հիրավի միջազգային նոր հարթակ դարձավ փորագրանկարչությամբ զբաղվող արվեստագետների համար:

Նախաձեռնությունն իր տեսակով, բովանդակությամբ և հետապնդող խնդիրներով բացառիկ է ողջ տարածաշրջանում: Բիենալեի հիմնական նպատակներն են՝ գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացումների, միտումների ուսումնասիրությունը, դասական՝ այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաներն ու արդի գաղափարները համադրելու միջոցների դիտարկումը, արվեստի այլ բնագավառների հետ հնարավոր փոխհարաբերման ներուժի բացահայտումը, և սույն համատեքստում՝ տեղական մշակութային դաշտում կերպարվեստի այս շառավղի նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Այդ նկատառումներից ելնելով՝ բիենալեի կազմկոմիտեն որոշեց զերծ մնալ թեմատիկ, տեխնիկական, չափային սահմանափակումներից և հնարավորինս ազատական պայմաններ առաջարկել հեղինակներին:

Ուշագրավ է մեկ ամբողջական ցուցադրության մեջ տեսնել մշակութային տարբեր միջավայրերի պատկանող արվեստագետների աշխատանքները. դիտարկել փորագրանկարչական առանձին ազգային դպրոցներում կերպավորված գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները, ձևավորված ավանդույթներն ու սկզբունքները, զանազանել գեղագիտական ընկալումներն ու բնորոշ տեխնիկական նախընտրությունները: Այս իմաստով բիենալեն յուրօրինակ միջմշակութային երկխոսություն է, որտեղ միջազգային լսարանին են ներկայացվում նաև հայ գեղարվեստական տպագրության ոլորտում այսօր կիրարկվող մոտեցումները:

Միևնույն ժամանակ, փառատոնը փորագրանկարիչների համար միմյանց հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման, ստեղծագործական նոր հղացումների, ինչպես նաև սեփական արվեստը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու հնարավորություն է: Ահա թե ինչու, այն մեծ գրավչություն ունի ո՛չ միայն նկարիչների, արվեստաբանների, այլև արվեստի շուկայի մասնագետների և հավաքորդների համար և արդյունավետ հարթակ կարող է հանդիսանալ գործնական կապերի ստեղծման առումով: Մասնակցության հայտ ներկայացրած արվեստագետների մեծ թիվը հաստատում է միջազգային մասնագիտական շրջանակներում առկա ընդգծված ուշադրությունը երևանյան բիենալեի նկատմամբ:

Ժամանակակից կերպարվեստում նկատվող ձևաբանական տարատեսակ միտումների ընդգրկուն համապատկերը, աշխատանքների գեղարվեստական բարձր մակարդակը, ներկայացված տեխնիկաների բազմազանությունն ու բիենալեի ծավալուն ծրագիրն այցելուների անընդհատ հոսք ապահովեցին փառատոնի ողջ ընթացքում: Արվեստասերների և, հատկապես, մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների կողմից ստացվող արձագանքներն իսկապես ոգևորող էին: Բիենալեն, վերջիններիս համար ոչ միայն սեփական փորագրանկարչական հմտությունները բարելավելու, այլև գեղարվեստական ըմբռնումների տեսլապատկերը վերանայելու, դիտանկյունը լայնացնելու ազդակ էր, ինչը նախաձեռնության իրական ձեռքբերումներից է:

Անչափ ուրախալի և պարտավորեցնող էր այն պատրաստակամությունը, որով հեղինակների գերակշիռ մասն արձագանքեց աշխատանքները բիենալեի հավաքածուում ընդգրկելու կազմկոմիտեի առաջարկին, ուստի հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը՝ վստահեցնելով, որ դրանք մրցանակակիր արվեստագետների աշխատանքների կողքին իրենց արժանի տեղը կգտնեն երևանյան բիենալեի նոր ձևավորվող, սակայն արդեն բավականին հարուստ հավաքածուում:

Ուրախությամբ նշենք, որ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի արդյունքներն ամփոփվեցին տպավորիչ, զետեղուն պատկերագրքում, որն արտացոլում է փառատոնի գրեթե ամբողջական պատկերը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել էստամպային գրաֆիկայի ոլորտը և «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին ընդառաջ իրականացվող ծրագրերով խրախուսում փորագրանկարչությամբ զբաղվող հայ երիտասարդ արվեստագետներին.

Այդ միջոցառումների շրջանակում 2019թ.-ի փետրվարի 22ին, երևանյան “Crumbs” սրճարանում բացվեց «20/4» խմբակային ցուցահանդեսը. ներկայացվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Մերի Անդրեասյանի, Անի Ներսիսյանի, Հասմիկ Սնգրյանի և Էդգար Սողոմոնյանի աշխատանքները:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Քալբե քաղաքի “Künstlerstadt Kalbe” արվեստագետների կացարան միջազգային ծրագրի միջև 2017թ.-ին սկսված համագործակցության շնորհիվ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ Միլենա Ադամյանն ու Լիլիթ Մինասյանը փետրվարի 25ից մարտի 24ը մասնակցեցին ծրագրի 6-րդ ձմեռային ճամբարին: «Բաց արվեստանոց» ձևաչափով իրականացվող ամենշաբաթյա հաշվետու ցուցադրությունների ժամանակ հայ արվեստագետները ներկայացան փորագրանկարչական պատկերաշարերով:

Շարունակելով “Crumbs” սրճարանում կազմակերպվող ցուցահանդեսային շարքը՝ հունիսի 20ին բացվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ Ասյա Մանուկյանի, Սիրանուշ Ստեփանյանի և Արև Ֆարմանյանի «20/3» ցուցահանդեսը:

Ակնառու է, որ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին հայտագրված հայ նկարիչների մեջ արդեն մեծ թիվ են կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները:

Ամփոփելով՝ անթաքույց հպարտությամբ պետք է նշենք, որ երևանյան բիենալեն իրապես նշանակալի իրադարձություն է դառնում ո՛չ միայն հայ մշակութային իրականության մեջ, այլև հասցրել է իր որոշակի տեղը զբաղեցնել համանման միջազգային հեղինակավոր փառատոնների երկար ցանկում:

Դիտարկելով արդյունքները, համադրելով ձեռք բերված փորձն ու նոր գաղափարները՝ մենք ձգտում ենք հաջորդ բիենալեն դարձնել առավել դիտարժան և բովանդակալի: Հիմնական՝ մրցութային ցուցադրությանը զուգահեռ, երկու ամիս տևողությամբ ծրագրով նախատեսվում են փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական և կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք միջոցառումներ. կիրականացվեն դասախոսություններ, զեկուցումներ, շնորհանդեսներ, հայ և հյուր վարպետների մասնակցությամբ անհատական և խմբակային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից և հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր: Առանձին ցուցահանդեսներով կներկայանան նաև առաջին բիենալեի մրցանակակիրներ Թոմաշ Վինիարսկին /Լեհաստան/ և Մինյե Ժանգը /Չինաստան/:

Այսօր, մենք առավել մեծ համոզումով և վստահությամբ ենք կյանքի կոչում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը, ինչն արդարև թույլ կտա արձանագրել, որ այս նրբին, բայց և միևնույն ժամանակ բազմակողմ արվեստին նվիրված հայաստանյան փառատոնն այլևս իրողություն է:



03.07.2019

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի կազմկոմիտե