Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021



ՀԱՄԱՏԵՔՍՏ


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2017թ.-ին Երևանում /Հայաստան/ մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը (1st International Print Biennale, Yerevan 2017):

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշ ստեղծելը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակը (կլիշեն) պատրաստելը խրթին է և ժամանակատար: Զարմանալի է, երբ որոշ արվեստագետներ հրաժարվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած «հարմարավետությունից» և նախընտրում աշխատատար՝ վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերևս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատև և դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության (փորագրանկարչություն, էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթներ կազմակերպելու ավանդույթն սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այժմ աշխարհում գոյություն ունի կերպարվեստի այս ճյուղին նվիրված շուրջ հիսուն գործող փառատոն՝ ամենալայն աշխարհագրությամբ: Գրաֆիկական ֆորումների և դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է:

Գեղարվեստական տպագրության նկատմամբ լայն հետաքրքրությունն ունի իր բացատրությունը. ի տարբերություն գեղանկարի և քանդակի, փորագրանկարներն արվում են թղթի վրա, սովորաբար ունենում են որոշակի տպաքանակ, համեմատաբար համեստ արժեք և շատ հարմար են փոստով ուղարկելու համար:

Սակայն, ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության արժեքը և առավել լայն ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը` հնարավորություն ընձեռելով առավել ամբողջական դիտարկել ձևաբանական նորագույն միտումները կերպարվեստում ընդհանրապես: Պարբերաբար կազմակերպվող ցուցադրություններն այդ տեղեկությունը թարմացնելու առաքելությունն ունեն: Այսպիսով, այս ցուցադրություն-մրցույթները, ճանաչողական խնդիրներից զատ, ունեն մշակութային ինտեգրացիոն նշանակություն:

Հայաստանում բացառապես գեղարվեստական տպագրությանը նվիրված միջազգային պարբերական փառատոն նախաձեռնելու գաղափարը հասունանում էր շուրջ տասը տարի՝ սկսած 2007թ.-ից, երբ դաշտում գործող երիտասարդ համախոհ արվեստագետների «Արթ Գրուպ» ստեղծագործական խումբը կազմակերպեց «Էստամպ 2007» միջազգային ցուցահանդեսը: Այս ցուցադրությունը մայրաքաղաքի մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն դարձավ:

2013թ.-ից հայ գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացմանը նպաստող հետևողական քայլեր ձեռնարկեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը:

2012թ.-ին արվեստաբան Սոնա Հարությունյանի հիմնադրած կազմակերպությունը, արդի հայ արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս տարածելու և հանրահռչակելու նպատակ ունենալով, գործունեության հինգ տարիների ընթացքում արվեստի և մշակույթի տարբեր բնագավառներում (կերպարվեստ, լուսանկարչություն, երաժշտություն, կինո և այլն) իրականացրած շուրջ հիսուն միջազգային նախագծերի գրեթե մեկ երրորդը նվիրեց կերպարվեստի այս ուրույն ճյուղին՝ դարձնելով այն սեփական ծրագրային առաջնահերթություններից մեկը: Եվրոպական մի շարք քաղաքների՝ Բոննի, Հալլեի, Ֆրայբուրգի /Գերմանիա/, Տալլինի /Էստոնիա/, Արլեսհայմի, Բազելի /Շվեյցարիա/ պետական և մասնավոր կառույցների, ցուցասրահների, մասնագիտական արվեստանոցների հետ հաստատված երկխոսության և փոխգործակցության արդյունքում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող հայ արվեստագետների համար ներկայանալու նոր՝ միջազգային հարթակներ ստեղծվեցին: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով մեկնարկեցին բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք հայ նկարիչներին տեխնիկապես հագեցած տպագրական արվեստանոցներում, էստամպի թե՛ ավանդական, և թե՛ ժամանակակից տեխնիկաներով (“Burggiebichenstein” Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստանոցներ /Հալլե, Գերմանիա/, “Kunsthaus L6”-ի տպագրական արվեստանոց /Ֆրայբուրգ, Գերմանիա/, Էստոնիայի Նկարիչների միության փորագրանկարչական արվեստանոց, “Albatross Editions” օֆսեթ վիմատպության արվեստանոց /Տալլին, Էստոնիա/, “Druckwerk” տպագրատուն /Բազել, Շվեյցարիա/) աշխատելու հնարավորություն են ընձեռում: Մի շարք թանգարաններում, ցուցասրահներում կազմակերպվեցին անհատական և խմբային ցուցահանդեսներ, որտեղ հայ գրաֆիկների և տեղացի գործընկերների աշխատանքները ներկայացվեցին համատեղ:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը գեղարվեստական տպագրությանը վերաբերվող նախագծեր իրականացրեց նաև Երևանում՝ ներկայացնելով հայ արվեստասերին քիչ ծանոթ ու անսովոր կերպարվեստի այս ճյուղը:

Ուշագրավ էր 2015թ.-ին Հայաստանի Նկարիչների միությունում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում կայացած էստոնական ժամանակակից փորագրանկարչության «Գոյության զարմանքը» լայնածավալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում «Էստոնական գեղարվեստական տպագրությունը երեկ, այսօր և վաղը» ընդգրկուն զեկույց ներկայացրեց Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ տիկին Ինգա Հեամեգին, կազմակերպվեց էստոնացի արվեստագետ Տարրվի Լաամանի փայտափորագրության տեխնիկային նվիրված վարպետության դասը:

2013-2016թթ.-ին իրականացված նպատակային ծրագրերի արդյունքում հայ գեղարվեստական տպագրության ոլորտում պատկերը որոշակիորեն փոխվեց. նկատելի էր հետաքրքրության և ընդհանուր տեղեկացվածության աճ: Ավելի շատ երիտասարդ արվեստագետներ սկսեցին կիրառել փորագրանկարչական այս կամ այն միջոցը:

Գիտակցելով հայ արվեստում գեղարվեստական տպագրության առկայության և այս ոլորտում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կայացման կարևորությունը և հաշվի առնելով դաշտում գործող արվեստագետների նվաճումներն ու ներուժը, ինչպես նաև ամփոփելով այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, կուտակած փորձն ու արդյունքները, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը հետամուտ եղավ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի իրագործմանը:

2015թ.-ի վերջում կազմակերպության շուրջ համախմբված նկարիչներն ու մշակութաբանները ձևավորեցին կազմկոմիտե: Մշակվեցին բիենալեի հայեցակարգը, ծրագրային դրույթներն ու ժամանակացույցը: Ձեռնարկվեց տեղեկատվության և հրավերների տարածման գործընթացը: Կապեր հաստատվեցին աշխարհի բազմաթիվ նմանօրինակ փառատոնների, մասնագիտական կառույցների, միությունների, տպագրատների, ցուցասրահների, արվեստի տպագիր և էլեկտրոնային պարբերականների և անհատ արվեստագետների հետ:

Բիենալեի կազմկոմիտեի հրավերով ձևավորվեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի միջազգային ժյուրին, որի կազմում էին Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ, արվեստի մագիստրոս Ինգա Հեամեգին՝ Էստոնիայից /ժյուրիի նախագահ/, Ֆրայբուրգի քաղաքապետարանի Մշակութային գրասենյակի ղեկավար Ախիմ Քյոնեկեն՝ Գերմանիայից /ժյուրիի փոխնախագահ/, Բազելի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման “Atelier Mondial” միջազգային ծրագրի ղեկավար, դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին` Շվեյցարիայից, «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից:

2016թ.-ի սեպտեմբերի 15-ին մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հայտագրման փուլը:

Երեք ամսվա ընթացքում աշխարհի 76 երկրից մասնակցության հայտ ներկայացրեց 955 արվեստագետ՝ 3230 աշխատանքով:

Բիենալեի ընտրական առաջին փուլի արդյունքները հրապարակվեցին 2017թ.-ի մարտի 1-ին: Միջազգային ժյուրիի որոշմամբ սկզբնական փուլը հաղթահարեց 50 երկրի 227 արվեստագետ՝ 447 աշխատանքով:

Սկսվեց բնօրինակ աշխատանքների ընդունման, դասդասման, փոստային առաքման ընթացքում վնասված թերթերի վերականգման և պահպանման գործընթացը: Ծավալվեցին բիենալեի մրցութային ցուցադրության և ծրագրային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Հարկ է նշել, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ին ընդառաջ մի շարք նոր նախագծեր իրականացրեց.

Դեռևս 2016թ.-ի հունվարին, կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման “Atelier Mondial” միջազգային ծրագրի շրջանակում մշակութային նոր երկխոսություն սկիզբ առավ՝ Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջև:

Ծրագրի առաջին մասնակից Արման Վահանյանի՝ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում վեցամսյա ստեղծագործական կեցության ընթացքում “Freiburg Stimmt Ein” միջազգային մշակութային փառատոնի շրջանակում կայացավ հայ արվեստագետի լինոփորագրության տեխնիկային նվիրված վարպետության դասը:

2016թ.-ի հունիսին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և շվեյցարական Արլեսհայմ համայնքի “Аtelierhaus Аrlesheim”-ի համագործակցությամբ մեկնարկեց “KunstDialog” ամենամյա ցուցահանդեսային շարքը. “a.a.1 KulturRaum Arlesheim” ցուցասրահում բացվեց Արման Վահանյանի և շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի “KunstDialog №1” համատեղ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Վահանյանի տարբեր տարիներին ստեղծված փորագրանկարները:

Ֆրայբուրգի մշակութային կառույցների հետ հաստատված ամուր գործընկերային հարաբերությունների շնորհիվ 2016թ.-ի վերջում կազմակերպությունն Արման Վահանյանին երկու ամսով գործուղեց Ֆրայբուրգի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող “Kunsthaus L6”-ի տպագրական արվեստանոցում աշխատելու:

2017թ.-ի հունվարին Վահանյանը, որպես “Atelier Mondial” ծրագրի կրկնակի մասնակից, մեկնեց Բազել: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հովանավորությամբ արվեստագետը երեք ամիս շարունակ շվեյցարացի նկարիչ-գրաֆիկներ Մարսել Մայերի և Ֆլորիան Դամմայերի հիմնադրած “Druckwerk” տպագրատանն աշխատելու հնարավորություն ստացավ: Նախագծի ավարտին “Salon Mondial” ցուցասրահում կայացավ Արման Վահանյանի «Օրվա մակերեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որին ներկայացվեցին Ֆրայբուրգում և Բազելում, ինչպես նաև 2014թ.-ին Տալլինում /Էստոնիա/, էստամպի տարբեր տեխնիկաներով ստեղծված գրաֆիկական թերթերը: Նույն օրերին Վահանյանը “Druckwerk”-ի հոգաբարձուների խորհրդի հրավերով մասնակցեց տպագրատան շուրջ համախմբված արվեստագետների “Eindruck” վերնագրությամբ ցուցահանդեսին:

2017թ.-ի մարտին բացվեց “KunstDialog” շարքի երկրորդ ցուցահանդեսը, որտեղ Թերեզե Վեբերի աշխատանքների հետ երկխոսության մեջ ներկայացվեցին “Atelier Mondial” միջազգային ծրագրի երկրորդ հայ մասնակից Տիգրան Սահակյանի փորագրանկարչական զանազան եղանակներով ստեղծված նկարաշարերը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, արդեն երկրորդ անգամ գործակցելով Բոննի /Գերմանիա/ “Kurfürstliches Gärtnerhaus” քաղաքային ցուցասրահի հետ, 2017թ.-ի ապրիլին գերմանացի հանդիսատեսին ներկայացրեց Արման Վահանյանի «Զուգահեռ իրականություններ» հետահայաց ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրված էր արվեստագետի էստամպային գրաֆիկային և ներկայացնում էր փորագրանկարչի վերջին 17 տարվա ստեղծագործական ուղին:

2017թ.-ի հուլիսին, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության միջնորդությամբ, որպես Արվեստագետների փոխանակման “Atelier Mondial” միջազգային ծրագրի հերթական մասնակից, վեցամսյա ժամկետով Հայաստան ժամանեց շվեյցարացի նկարիչ-գրաֆիկ, Բազելի “Druckwerk” տպագրատան համահիմնադիր Մարսել Մայերը: Արվեստագետի երևանյան կեցության ընթացքում ուսանողների և արվեստասերների համար կազմակերպվեցին մի շարք սեմինարներ.

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարսել Մայերը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի փորագրանկարչական արվեստանոցում աշխատելու հնարավորություն ստացավ: Նկարիչը, ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, ակադեմիայի ուսանողների հետ վիմատպության տեխնիկային նվիրված տևական գործնական դասախոսություններ վարեց:

Համագործակցելով Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շվեյցարացի արվեստագետի ղեկավարմամբ, կենտրոնի սաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար բարձր տպագրության տեխնիկաներին նվիրված երկու երկարաժամկետ աշխատարան իրականացրեց, ինչն էլ «ԹՈՒՄՈ»-ում գեղարվեստական տպագրության արվեստանոց հիմնելու առիթ դարձավ:

Մարսել Մայերը լինոփորագրության ևս մեկ վարպետության հանրային բաց դաս անցկացրեց Երևանի Միրզոյան լուսանկարչական գրադարանում:

Այս և նախկինում քայլ առ քայլ իրականացված բազմաթիվ ծրագրերն ընդգծեցին և ձևավորեցին Հայաստանում գեղարվեստական տպագրության փառատոն հիմնելու անհրաժեշտությունն ու գաղափարը և նախերգանք դարձան հայաստանյան մշակութային դաշտում այդ նոր ու եզակի իրադարձության համար:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017» մեկնարկը տրվեց հոկտեմբերի 25-ին Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որտեղ տեղակայված էր բիենալեի հիմնական` մրցութային ցուցադրությունը, միջազգային ժյուրիի անդամների, աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակից արվեստագետների, համանման փառատոնների պատվիրակների, հյուրերի, պետական և մասնավոր մշակութային կառույցների ներկայացուցիչների, լրագրողների և բազմաքանակ հանդիսատեսի ներկայությամբ, տեղի ունեցավ բիենալեի բացման հանդիսավոր արարողությունը:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին ժյուրին սկսեց իր աշխատանքը:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017» կազմկոմիտեին սահմանել էր հետևյալ մրցանակները.

  • Գլխավոր մրցանակ /մեդալ/
  • Առաջին մրցանակ /մեդալ/
  • Երկրորդ մրցանակ /մեդալ/
  • Երրորդ մրցանակ /մեդալ/

(Մեդալները հեղինակային աշխատանքներ էին, որոնք պատրաստել էր հայ քանդակագործ Մելիք Շահնազարյանը)

Նախատեսված էր նաև 12 նույնարժեք Պատվոգիր՝ լավագույն աշխատանքների համար:

Հոկտեմբերի 28-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնի սրահներում կայացավ մրցանակաբաշխության հանդիսությունը: Երկու օր տևած լարված քննարկման արդյունքում միջազգային ժյուրին ընտրեց և հայտարարեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հաղթողների և մրցանակակիրների անունները.

  • Գլխավոր մրցանակ՝ Դարինա Պիևա /Բուլղարիա/
  • Առաջին մրցանակ՝ Թոմաշ Վինիարսկի /Լեհաստան
  • Երկրորդ մրցանակ՝ Մինյե Ժանգ /Չինաստան/
  • Երրորդ մրցանակ՝ Արման Վահանյան /Հայաստան/

Ընտրության ընթացքում ժյուրին սահմանել էր ևս երկու մրցանակ.

  • Ժյուրիի Հատուկ մրցանակ` Ուլրիխ Վոլֆ /Գերմանիա
  • Ժյուրիի անդամ դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբայի Հատուկ մրցանակ՝ Գուդրուն Կոպպել /Էստոնիա

Երևանյան առաջին բիենալեի Պատվոգրերին արժանացան հետևյալ արվեստագետները (այբբենական կարգով).

  • Շերին Ադնան /Իրաք, Քուրդիստան/
  • Զախարիաս Արվանիտիս /Հունաստան/
  • Մոնիկա Բժեգովսկա /Լեհաստան/
  • Յուտամաս Բունչարոեն /Թայլանդ/
  • Կարեն Կունց /ԱՄՆ/
  • Ջոնաթան ՄքՖադդեն /ԱՄՆ/
  • Տիանֆենգ Յանգ /Չինաստան/
  • Ռիմա Նանյան /Հայաստան/
  • Տիգրան Սահակյան /Հայաստան/
  • Ելենա Սրեդանովիչ /Սերբիա/
  • Քլեո Վիլքինսոն /Ավստրալիա/
  • Կառոլ Տեքսիե /Ֆրանսիա/

Հաշվի առնելով ներկայացված աշխատանքների գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակը՝ Բիենալեի կազմկոմիտեն սեփական ընտրությամբ ևս 15 արվեստագետի շնորհեց համարժեք Պատվո վկայագրեր (այբբենական կարգով).

  • Պետեր Ալլիկ /Էստոնիա/
  • Մարգարիտ Լեմանն /Շվեյցարիա/
  • Ֆու Լիու /Չինաստան/
  • Քլաուս Լյոշե /Գերմանիա/
  • Նաթան Մելց /ԱՄՆ/
  • Փենգչենգ Յանգ /Չինաստան/
  • Մագդա Շփլիթ /Լեհաստան/
  • Կրաիսակ Չիրաչայսակուլ /Թայլանդ/
  • Կարոլ Պոմիկալա /Լեհաստան/
  • Յակո Պուտկեր /Նիդերլանդներ/
  • Յուանհե Սաի /Չինաստան/
  • Մալգորժատա Ստախուրսկա /Լեհաստան/
  • Արմեն Տեր-Մկրտչյան /Հայաստան/
  • Աննա Տրոյանովսկա /Լեհաստան/
  • Յուան Քսիանգ /Չինաստան/

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցութային ցուցադրությունն ու ծրագրային միջոցառումները շարունակվեցին մինչև դեկտեմբերի 15-ը՝ ներգրավելով մայրաքաղաքի մի շարք մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ և ցուցասրահներ.

Հոկտեմբերի 26-ին Միրզոյան լուսանկարչական գրադարանում տեղի ունեցավ բիենալեի մասնակից, բրազիլացի արվեստագետ Ադրիանո Կաստրոյի «Բրազիլական ներդրում» վերտառությամբ հանրային բանախոսությունը, որը ներկայացնում էր բրազիլական ժամանակակից էստամպային գրաֆիկայում նկատելի զարգացումների, ոճական միտումների, արծարծվող թեմաների համապատկերն ու հաճախ կիրարկվող բնորոշ տեխնիկական մոտեցումները:

Հոկտեմբերի 27-ին բիենալեի ժյուրիի անդամ, գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կարդաց լեհ հանրաճանաչ գեղանկարիչ, գրաֆիկ Յերժի Պանեկի կյանքի և ստեղծագործության մասին «Ո՞վ է նա, Յերժի Պանեկը Կրակովից» վերլուծական ակնարկը:

Միրզոյան լուսանկարչական գրադարանում հոկտեմբերի 29-ին ներկայացվեցին շվեյցարացի գրաֆիկ Մարսել Մայերի Երևանում վարած սեմինարների արդյունքներն ու աշխատարանների ընթացքում մասնակից ուսանողների ստեղծած աշխատանքները:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը նոյեմբերի 7-ին “Dalan Art” պատկերասրահում Բիենալեի հյուրերին և հայ հանդիսատեսին ներկայացրեց Արման Վահանյանի՝ տարեսկզբին Շվեյցարիայում կայացած «Օրվա մակերեսը» անհատական ցուցահանդեսը:

Նոյեմբերի 17-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Պատվավոր հյուր “Atelier Mondial” միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանում հյուրընկալված շվեյցարացի տպագրող գրաֆիկ Մարսել Մայերի «Ժամանակի խճանկարը» անհատական ցուցահանդեսը, որին ներկայացվեցին նաև նկարչի՝ հայաստանյան կեցության ընթացքում ստեղծված գրաֆիկական թերթերը:

Ցուցահանդեսի օրերին արվեստագետն անմիջապես ցուցասրահում աշխատում էր իր վերջին մեծադիր փորագրանկարի վրա, ինչն այցելուների համար վերածվեց յուրատեսակ վարպետության բաց դասի՝ հաղորդակից դարձնելով նրանց գեղարվետական տպագրության նմուշի ստեղծման ողջ ընթացքին՝ փորագրական տախտակի պատրաստումից մինչև տպագրություն:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը լայն արձագանք գտավ հայ արվեստասեր հանրության շրջանում: Հատկանշական էր Հայաստանի տարբեր քաղաքներից ցուցահանդեսներ այցելող, դասախոսություններին և վարպետության դասերին մասնակցող ուսանողների և արվեստագետների ուշադրությունը։

Նկատի ունենալով առաջացած մեծ հետաքրքրությունը՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Երևանի գերմանական «Գյոթե կենտրոն»-ի հետ համագործակցությամբ 2018թ.-ի մարտին նախաձեռնեց “Post Contest Exhibition 2018” նախագիծը՝ Բիենալեի մրցանակակիր արվեստագետների աշխատանքներին առանձին ցուցադրությամբ ևս մեկ անգամ ծանոթանալու հնարավորություն ստեղծելով:

2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ներկայացրեց հայ-ֆրանսիական պատմական բարեկամությանն ու միջմշակութային առնչություններին նվիրված «Գիրք և գինի» ցուցահանդեսը: Ցուցադրության մեջ ընդգրկված թանգարանային նմուշների, վավերագրական նյութերի շարքում ներկայացվեցին երևանյան Առաջին բիենալեի մասնակից ֆրանսիացի արվեստագետների փորագրանկարները՝ որպես մերօրյա մշակութային հաղորդակցության օրինակ:

Բիենալեի ընթացքում նաև տարբեր ձևաչափերով միջազգային նոր գործակցություններ ուրվագծվեցին, որոնցից առաջինը կյանքի կոչվեց 2018թ.-ի ամռանը.

Նախագծին հայ արվեստագետների մասնակցության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց փառատոնի առիթով Երևանում գտնվող Բազելի /Շվեյցարիա/ էստամպային գրաֆիկայի “Edition Basel” ամենամյա միջազգային ծրագրի կազմակերպիչներից Մարգարիտ Լեմաննի հետ: Տարեկան երկու հաջորդական հավաքով իրականացվող ծրագրի առաջին հայ մասնակիցներն էին Հասմիկ Սնգրյանն ու Արման Վահանյանը: “Druckwerk” տպագրատանն աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետները դասական, հեղինակային և փորձարարական զանազան տեխնիկաներով աշխատեցին համատեղ ընտրված ընդհանուր թեմաների շուրջ: Տասներկուօրյա աշխատարանների արդյունքները ներկայացվեցին “Kaskadenkondensator Basel” պատկերասրահում և “Basler Papiermuhle” թանգարանում:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017» հիրավի միջազգային նոր հարթակ դարձավ փորագրանկարչությամբ զբաղվող արվեստագետների համար:

Նախաձեռնությունն իր տեսակով, բովանդակությամբ և հետապնդող խնդիրներով բացառիկ է ողջ տարածաշրջանում: Բիենալեի հիմնական նպատակներն են՝ գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացումների, միտումների ուսումնասիրությունը, դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաներն ու արդի գաղափարները համադրելու միջոցների դիտարկումը, արվեստի այլ բնագավառների հետ հնարավոր փոխհարաբերման ներուժի բացահայտումը և սույն համատեքստում տեղական մշակութային դաշտում կերպարվեստի այս ճյուղի հանդեպ հետաքրքրության մեծացումը: Այդ նկատառումներից ելնելով՝ Բիենալեի կազմկոմիտեն որոշեց զերծ մնալ թեմատիկ, տեխնիկական, չափային սահմանափակումներից և հնարավորինս ազատական պայմաններ առաջարկել հեղինակներին:

Ուշագրավ է մշակութային տարբեր միջավայրերի պատկանող արվեստագետների աշխատանքները մեկ ամբողջական ցուցադրության մեջ տեսնելը, փորագրանկարչական առանձին ազգային դպրոցներում կերպավորված գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները, ձևավորված ավանդույթներն ու սկզբունքները դիտարկելը, գեղագիտական ընկալումներն ու բնորոշ տեխնիկական նախընտրությունները զանազանելը: Այս իմաստով Բիենալեն յուրօրինակ միջմշակութային երկխոսություն է, որտեղ միջազգային լսարանին են ներկայացվում նաև հայ գեղարվեստական տպագրության ոլորտում այսօր կիրարկվող մոտեցումները:

Միևնույն ժամանակ փառատոնը փորագրանկարիչների համար միմյանց հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման, ստեղծագործական նոր հղացումների, ինչպես նաև սեփական արվեստը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու հնարավորություն է: Ահա թե ինչու այն մեծ գրավչություն ունի ո՛չ միայն նկարիչների, արվեստաբանների, այլև արվեստի շուկայի մասնագետների և հավաքորդների համար և կարող է արդյունավետ հարթակ դառնալ գործնական կապերի ստեղծման առումով: Մասնակցության հայտ ներկայացրած արվեստագետների մեծ թիվը հաստատում է միջազգային մասնագիտական շրջանակների ընդգծված ուշադրությունը Երևանյան բիենալեի նկատմամբ:

Ժամանակակից կերպարվեստում նկատվող ձևաբանական տարատեսակ միտումների ընդգրկուն համապատկերը, աշխատանքների գեղարվեստական բարձր մակարդակը, ներկայացված տեխնիկաների բազմազանությունն ու Բիենալեի ծավալուն ծրագիրը փառատոնի ողջ ընթացքում այցելուների անընդհատ հոսք ապահովեցին: Արվեստասերների և հատկապես մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների արձագանքներն իսկապես ոգևորող էին: Բիենալեն վերջիններիս համար ոչ միայն սեփական փորագրանկարչական հմտությունները բարելավելու, այլև գեղարվեստական ըմբռնումների տեսլապատկերը վերանայելու, դիտանկյունը լայնացնելու ազդակ էր, ինչը նախաձեռնության իրական ձեռքբերումներից է:

Անչափ ուրախալի և պարտավորեցնող էր այն պատրաստակամությունը, որով հեղինակների գերակշիռ մասն արձագանքեց աշխատանքները Բիենալեի հավաքածուի մեջ ընդգրկելու կազմկոմիտեի առաջարկին, ուստի հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը՝ վստահեցնելով, որ դրանք մրցանակակիր արվեստագետների աշխատանքների կողքին իրենց արժանի տեղը կգտնեն Երևանյան բիենալեի նոր ձևավորվող, սակայն արդեն բավականին հարուստ հավաքածուի մեջ:

Ուրախությամբ ենք նշում, որ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի արդյունքներն ամփոփվեցին տպավորիչ, զետեղուն պատկերագրքում, որն արտացոլում է փառատոնի գրեթե ամբողջական պատկերը:

Այնուհետև, 2018 թվականի սկզբին, Բիենալեի կազմկոմիտեի հրավերով ձևավորվեց «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի ժյուրին, որի կազմում էին «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալեի» խորհրդի անդամ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից /միջազգային ժյուրիի նախագահ/, ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Էնջին (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):

2018թ.-ի սեպտեմբերի 15-ին Բիենալեն ազդարարեց «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հայտերի ընդունման մեկնարկը:

Երեք ամսվա ընթացքում աշխարհի 76 երկրից մասնակցության հայտ ներկայացրեց 1227 արվեստագետ՝ ավելի քան 5000 աշխատանքով:

Բիենալեի ընտրական առաջին փուլի արդյունքները հրապարակվեցին 2019թ.-ի մարտի 1-ին: Միջազգային ժյուրիի որոշմամբ սկզբնական փուլը հաղթահարեց 47 երկրի 214 արվեստագետ՝ 337 աշխատանքով։

Կրկին սկսվեց բնօրինակ աշխատանքների ընդունման, դասդասման, փոստային առաքման ընթացքում վնասված թերթերի վերականգման և պահպանման գործընթացը: Ծավալվեցին բիենալեի մրցութային ցուցադրության և ծրագրային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Հարկ է նշել, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին ընդառաջ նույնպես նախաձեռնեց և իրականացրեց փայտափորգրանկարչությանը նվիրված մի շարք նախագծեր և ցուցադրություններ, որոնք անմիջապես հաջորդեցին «Գեղարվստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի ավարտին (տե՛ս՝ վերևում)։

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» մեկնարկը մեծ շուքով տրվեց 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կետրոնում Հայաստանում մի շարք երկրների դեսպանների (Գերմանիայի Դաշնության, Լեհաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցչի), միջազգային կառույցների (Եվրոպական միության պատվիրակության, Երևանում «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» (Росгоссотрудничество), «Գյոթե» կենտրոնի, Հայաստան համահայկական հիմնադրամի) ներկայացուցիչների և պաշտոնական այլ անձանց, ինչպես նաև միջազգային ու տեղացի բազմաթիվ հյուրերի, մասնակից և փորագրանկարչության ոլորտում գործող այլ արվեստագետների (Թոմաշ Կուզինգ՝ Էստոնիա, Զախարիաս Արվանիտիս՝ Հունաստան, Թոմաշ Վինյարսկի՝ Լեհաստան) մասնակցությամբ։ Բիենալեի բացման արարողությանն ընթերցվեց Բիենալեի մասնակիցներին և ներկաներին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձը։ Բիենալեի կազմկոմիտեն Բիեալեի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան էր հրավիրել նաև ավստրիացի երաժիշտ, հանգահար Քրիստիան Շրաթին, ով իր ելույթով անչափ տպավորեց հյուրերին և ներկաներին։

Բիենալեի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդեցին «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի աշխատանքային հագեցած երկու օրերը։ Սեպտեմբերի 8-ին և 9-ին միջազգային ժյուրիի անդամները դոկտոր պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբայի նախագահությամբ սկսեցին բուռն քննարկումները և շրջայցներ կատարելով դիտարկեցին 214 արվեստագետի 337 բնօրինակ աշխատանք, ապա բաց քվեարկությամբ ընտրեցին «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակակիրներին։

Ժյուրիի աշխատանքներին զուգահեռ, սեպտեմբերի 8-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ լեհ արվեստագետ՝ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի առաջին մրցանակակիր Թոմաշ Վինյարսկու՝ «Խորատիպ տպագրական տեխնիկա» խորագրով՝ Կրակովի Արվեստների ակադեմիայի ուսանողների աշխատանքների ներկայացումը (Ժամանակակից լեհական գեղարվեստական տպագրություն)։

Սեպտեմբերի 9-ին Երևանի «Միրզոյան» գրադարանում տեղի ունեցավ նաև միջազգային ժյուրիի փոխնախագահ Մարգրեթ Լեհմանի՝ Բազելում (Շվեյցարիա) գտնվող գեղարվեստական տպագրության «Druckwerk» արվեստանոցի «Edition/Basel»-ի մասին զեկույցը։

Սեպտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայացավ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Միջազգային ժյուրիի սահմանած Գլխավոր (մեդալ), Առաջին (մեդալ), Երկրորդ (մեդալ) և Երրորդ (մեդալ), ինչպես նաև «Հայաստան համահայկական հիմնադրամի» և «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» սահմանած Հատուկ մրցանակներին և հատուկ ուշադրության արժանացած աշխատանքների Դիպլոմներին արժանացան.

Գլխավոր մրցանակ՝ Հուի Ժանգ (Չինաստան - “Հայացք լույսի միջով-2” 2017

Առաջին մրցանակ՝ Սուջարիտ Ռաթանա (Թայլանդ) -“2 a.m.” 2017

Երկրորդ մրցանակ՝ Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան) - “Genesis VI աստրոֆիզիկոսների համար” 2018

Երրորդ մրցանակ՝ Մուանտա Սուպատանավադի (Թայլանդ) - “Գենդերային կորություն” 2018

(Մեդալները հեղինակային աշխատանքներ էին, որոնք պատրաստել էր հայ քանդակագործ Էդգար Գրիգորյանը)։

Պատվոգրեր (այբբենական կարգով)

  • Տինգտինգ Չեն (Չինաստան)
  • Թրեյսի Թեմփլթոն (ԱՄՆ)
  • Սաեդեհ Գոլրիզ (Իրան)
  • Ջիանգ Սիվեյ (Չինաստան)
  • Թոոմաս Կուուսինգ (Էստոնիա)
  • Օլիվեր Պիլիչ (Սլովենիա)
  • Վեյ Վոնգ (Հոնգ Կոնգ)
  • Ակավատ Դիտո (Թայլանդ)
  • Բրանդի Գրոգան (ԱՄՆ)
  • Մերի Անդրեասյան (Հայաստան)

«Հայաստան համահայկական հիմնադրամի» Հատուկ մրցանակ՝ Արման Վահանյան (Հայաստան)

«Ռուսաստանի գիտական և մշակութային կենտրոնի» Հատուկ մրցանակ՝ Սվետլանա Ռյաբովա (Ռուսաստան)

Հարկ է նշել, որ նախատեսված ու չնախատեսված տարատեսակ միջոցառումներով՝ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը տևեց մինչև դեկտեմբերի 10-ը։

Իսկ գեղարվեստական տպագրության բազմատեսակ աշխատանքների միջազգային այս լայնածավալ ցուցադրության շրջանակում իրականացված բոլոր ծրագրերն ու միջոցառումները միտված էին փորագրանկարչությամբ զբաղվող հայ երիտասարդ արվեստագետներին խրախուսելու և ստեղծագործելու անընդմեջ ազդակներ ապահովելու գործընթացի շարունակականության պահպանմանը։

Այսպես, սեպտեմբերի 12-ից 21-ը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի գեղարվեստական տպագրության արվեստանոցում տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի անդամ, գերմանացի անվանի արվեստագետ Հերբերտ Մայերի վարած գեղարվեստական տպագրության «ակվատինտ» և «քայքայված շտրիխ» տեխնիկաների վերաբերյալ տասն օր տևած վարպետության դասը, որի ընթացքում Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն ու հայ արվեստագետները նշված տեխնիկաներին ծանոթանալու և ստացած գիտելիքներն ու փորձը գործնականում կիրառելու հնարավորություն ունեցան՝ ստեղծելով սեփական փորագրանկարչական բազմաթիվ թերթեր։

Սեպտեմբերի 14-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ լեհ արվեստագետ, «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի առաջին մրցանակակիր Թոմաշ Վինյարսկու «Հավերժական շարժիչ» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Սեպտեմբերի 18-ին Երևանի Սարգիս Մուրադյան ցուցասրահում տեղի ունեցավ Սամվել Համբարձումյանի գրաֆիկական աշխատանքների՝ «Մենախոսություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Հոկտեմբերի 3-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մեկնարկեց էստոնական գեղարվեստական տպագրությանը նվիրված «Ներքևում, ինչպես՝ վերևում» խորագրով խմբային ցուցահանդեսը՝ ներկայացնելով Էստոնական Գեղարվեստական տպագրության ասոցիացիայի, գեղարվեստական տպագրության «Ուբու Նուար» արվեստանոցի և Էստոնական Արվեստի ակադեմիայի 18 արվեստագետի 50 աշխատանք՝ կատարված գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով (համադրող՝ Գուդրուն Կոպպել)։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի նախագահ Ինգա Հեամեգին, արվեստագետներ Լուրի Կոպպելը և Ինգվար Հեամեգին։

Հոկտեմբերի 4-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության համատեղ ջանքերով տեղի ունեցավ Էստոնիայի գեղարվեստական տպագրության ասոցիացիայի նախագահ և «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի միջազգային ժյուրիի նախագահ տիկին Ինգա Հեամեգիի հետ հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան տպագրական արվեստի զարգացման առանձնահատկություններին ու միտումներին, ինչպես նաև ներկայացվեցին Էստոնիայի արվեստի ակադեմիան, Տալինի «Գեղար­վես­տական տպագրության տրիենալեն», Տալինի «Ուբու նուար» գեղարվեստական տպագրության քաղաքային ար­վեստա­նոցը։

Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 5-ը «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի երկրորդ մրցանակակիր չին հանրահայտ արվեստագետ, գեղարվեստական տպագրության ժամանակակից վարպետ Մինծիե Ճանի՝ «Միայնակ՝ բեմում» անհատական ցուցահանդեսը՝ Մ.Սարյանի տուն-թանգարանում։

Հոկտեմբերի 7-ից 17-ը տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի երկրորդ մրցանակակիր, չին հանրահայտ արվեստագետ Մինծիե Ճանի գունավոր փայտափորագրության՝ տասն օր տևողությամբ վարպետության դասը, որն անցկացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի՝ Սարյան 31 հասցեում գտնվող գեղարվեստական տպագրության արվեստանոցում։

Հոկտեմբերի 12-ին կազմակերպվեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի երկրորդ մրցանակակիր, չին հանրահայտ արվեստագետ Մինծիե Ճանի՝ «Գեղարվեստական տպագրության զարգացման միտումները Չինաստանում» խորագրով զեկույցը, որի ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի՝ Սարյան 31 հասցեում գտնվող գեղարվեստական տպագրության արվեստանոցում ցուցադրվեց նաև արվեստագետի ստեղծագործական ճանապարհի և Չինաստանի Արվեստի ակադեմիայի մասին պատմող տեսաֆիլմ։

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի «Մակերես. Լույս. Տարածություն» խորագրով անհատական ցուցահանդեսը (ժամանակակից գերմանական գեղարվեստական տպագրություն)։

Հոկտեմբերի 26-ին Երևանի «The Club» սրճարանում գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանը կարդաց իր՝ «Մակերես. Լույս. Տարածություն», «Ծավալները մակերեսում – հին թեմա՝ նոր ձևակերպմամբ» զեկույցը։

Նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 10-ը «Դալան արտ» ցուցասրահում տեղի ունեցավ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, «Ատելիե Մոնդիալի» («Քրիստոֆ Մերիան» հիմնադրամ, Բազել, Շվեյցարիա) և Ֆրայբուրգի քաղաքապետարանի (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, Գերմանիա) հետ համատեղ իրականացվող «Արվեստագետների փոխանակման» ծրագրի օտարազգի չորրորդ մասնակից, ֆրանսիացի արվեստագետ Բրայս Ամար-Խոջայի «Breath.am» խորագրով անհատական ցուցահանդես-պերֆորմանսը, որին ներկայացվեցին արվեստագետի՝ Երևանում կեցության ընթացքում ստեղծած աշխատանքներն ու նախագիծը։

Հիմնական մրցութային ցուցադրությանը զուգահեռ՝ երկու ամիս շարունակ տեղի ունեցան փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական և կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք միջոցառումներ. իրականացվեցին դասախոսություններ, զեկույցներ, շնորհանդեսներ, հայ և հյուր վարպետների մասնակցությամբ անհատական և խմբային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից և հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր: Առանձին ցուցահանդեսներով հայ հանդիսատեսին ներկայացվեցին նաև Առաջին բիենալեի մրցանակակիրներ Թոմաշ Վինիարսկու /Լեհաստան/ և Մինծիե Ճանի /Չինաստան/ աշխատանքները:

2019թ. դեկտեմբերի 7-ից 2020թ.-ի մարտի 7-ը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, հետամուտ լինելով «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, 2019»-ի շրջանակում իրականացվող միջոցառումների շարունակականության պահպանմանը, 2019թ.-ի դեկտեմբերի 7-ին Երևանում, «Crumbs» սրճարանում ներկայացրեց գերմանացի անվանի արվեստագետ Հերբերթ Մայերի՝ սեպտեմբերի 14-24-ը Երևանում իրականացրած վարպետության դասերի ընթացքում Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող-արվեստագետներ Շահանե Շահբազյանի, Գոհար Դրոշակիրյանի, Միլենա Գևորգյանի, Մանանա Մակարյանի, Արև Ֆարմանյանի, Ասյա Մանուկյանի, Սիրանուշ Ստեփանյանի, Էլեն Ազատյանի և Լիլիթ Արզումանյանի՝ «քայքայված շտրիխ», «ակվատինտ», «չոր ասեղ», «մեցոտինտ» տեխնիկաներով ստեղծած փորագրանկարչական 21 աշխատանքի «21/9» խորագրով խմբակային ցուցահանդեսը:

Հարկ է նշել, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, ուշադրության կենտրոնում պահելով էստամպային գրաֆիկայի ոլորտը, նաև «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին ընդառաջ իրականացվող ծրագրերով շարունակեց խրախուսել փորագրանկարչությամբ զբաղվող հայ երիտասարդ արվեստագետներին.

Այդ միջոցառումների շրջանակում 2019թ.-ի փետրվարի 22-ին երևանյան “Crumbs” սրճարանում բացվեց «20/4» խմբային ցուցահանդեսը. ներկայացվեցին Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Մերի Անդրեասյանի, Անի Ներսիսյանի, Հասմիկ Սնգրյանի և Էդգար Սողոմոնյանի աշխատանքները:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Քալբե քաղաքի “Künstlerstadt Kalbe” արվեստագետների կացարան միջազգային ծրագրի միջև 2017թ.-ին սկսված համագործակցության շնորհիվ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ Միլենա Ադամյանն ու Լիլիթ Մինասյանը փետրվարի 25-ից մարտի 24-ը մասնակցեցին ծրագրի 6-րդ ձմեռային ճամբարին: «Բաց արվեստանոց» ձևաչափով իրականացվող ամենշաբաթյա հաշվետու ցուցադրությունների ժամանակ ներկայացվեցին հայ արվեստագետների փորագրանկարչական պատկերաշարերը:

Շարունակելով “Crumbs” սրճարանում կազմակերպվող ցուցահանդեսային շարքը՝ հունիսի 20-ին բացվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ Ասյա Մանուկյանի, Սիրանուշ Ստեփանյանի և Արև Ֆարմանյանի «20/3» ցուցահանդեսը:

Այդ ժամանակ արդեն ակնառու էր, որ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին հայտագրված հայ նկարիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները:

Ամփոփելով՝ անթաքույց հպարտությամբ պետք է նշենք, որ երևանյան բիենալեն իրապես նշանակալի իրադարձություն դարձավ ո՛չ միայն հայ մշակութային իրականության մեջ, այլև հասցրեց իր որոշակի տեղը զբաղեցնել համանման միջազգային հեղինակավոր փառատոնների երկար ցանկում:

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» հատկապես կարևոր էր մրցութային, ինչպես նաև հայ և օտարազգի արվեստագետների խմբային ու անհատական ցուցադրություններին զուգահեռ իրականացրած կրթական ծրագրերով ու գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաները հանրահռչակող վարպետության դասընթացներով, որոնք վարեցին ոլորտի միջազգային լավագույն վարպետները։

Հարկ է շեշտել, որ այս անգամ ևս օտարերկրյա մասնակից արվեստագետների գերակշիռ մասը նույնպես մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ արձագանքեց հեղինակային աշխատանքները բիենալեի հավաքածուի մեջ ընդգրկելու կազմկոմիտեի առաջարկին։ Եվ մենք կրկին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը՝ վստահեցնելով, որ դրանք ևս մրցանակակիր արվեստագետների աշխատանքների կողքին իրենց արժանի տեղը կգտնեն երևանյան բիենալեի արդեն բավականին հարուստ հավաքածուի մեջ:

Դիտարկելով արդյունքները, համադրելով ձեռք բերված փորձն ու նոր գաղափարները՝ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն արեց հնարավորը Բիենալեն առավել դիտարժան և բովանդակալի դարձնելու համար:

Մեծ համոզումով և վստահությամբ կյանքի կոչելով «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը՝ արդարև թույլ ենք տալիս արձանագրել, որ այս նրբին, բայց միևնույն ժամանակ բազմակողմ արվեստին նվիրված հայաստանյան փառատոնն այլևս իրողություն է, ինչը, բնականորեն, իր տրամաբանական շարունակությունը պետք է գտներ նաև հետագայում։

Հայաստանյան ժամանակակից իրականության մեջ առաջին և միակ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադրման ու կայացման չորս և ավելի տարիների ընթացքում Բիենալեի կազմկոմիտեն ստացավ ոչ միայն հայ և օտարերկրյա մասնակից արվեստագետների, գեղարվեստական տպագրության համաշխահային ճանաչում ունեցող վարպետների, միջազգային ժյուրիի անդամների, այլև գեղարվեստական տպագրության ոլորտում մի շարք բիենալեների և նմանատիպ խոշոր փառատոնների կազմակերպիչների շնորհավորանքներն ու հիացական արձագանքները, ինչն էլ հաստատեց «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի իրականացման անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Ելնելով նշված իրողությունից, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն, հաշվի առնելով նաև այսօր աշխարհում համավարակի պատճառով ստեղծված անորոշ իրավիճակը, կայացրին դժվարին որոշում՝ 2020թ.-ի սեպտեմբերին ազդարարել «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի մեկնարկը և պատրաստվել վերջինիս իրականացմանը, որը նախատեսվում է 2021թ․-ի աշնանը:

Այսպես, 2020թ.-ի սեպտեմբերի 15-ին հայտարարվեց «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին մասնակցության պաշտոնական գրանցումը և աշխարհի տարբեր երկրներից արվեստագետներին իրենց հայտադիմումները 2020թ.-ի սեպտեմբրի 15-ից դեկտեմբերի 15-ը ներկայացնելու հնարավորություն տրվեց։

Մասնակցության հայտերի գրանցումից և աշխատանքների լուսանկարներն ընդունելուց հետո միջազգային ժյուրին, որի կազում են «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից, Շենժենի Լոնգուա շրջանի Գրականության և արվեստի դաշնության նախագահ, Չինաստանի տպագրության թանգարանի տնօրեն Լի Քանը՝ Չինաստանից, գեղարվեստական տպարգրության անվանի վարպետ Մեհդի Դարվիշին՝ Իրանից և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից, ըստ կարգի, կսկսի առցանց աշխատանքը՝ ներկայացված գործերից լավագույններն ընտրելով մրցութային փուլին ցուցադրելու համար։



10.07.2020

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի կազմկոմիտե