Գեղարվեստական տպագրության (էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այդ տարիներին են հիմնադրվել Լյուբլյանայի Գրաֆիկական արվեստի բիենալեն (1955թ.), Կրակովյան էստամպային տրիենալեն (1966թ.), Տալլինի Գեղարվեստական տպագրության տրիենալեն (1968թ.), Լոձի Փոքրածավալ գրաֆիկայի միջազգային տրիենալեն (1979թ.), որոնք այսօր էլ կերպարվեստի այս ճյուղի հանրահռչակման հեղինակավոր կենտրոններից են: Այժմ աշխարհում գոյություն ունեն շուրջ հիսուն պարբերաբար գործող ցուցադրություններ, ամենալայն աշխարհագրությամբ՝ Կանադա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան, Մերձբալթյան երկրներ, Ռուսաստան և այլն:
Գեղարվեստական տպագրությունն ամենևին նկարիչ-գրաֆիկների առանձնաշնորհը չէ. բոլոր արվեստագետները (գեղանկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ և այլն) այսպես թե այնպես իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առնչվում են տարաբնույթ գրաֆիկական ձևակերտական եղանակների հետ. էստամպի ամենատարբեր տեխնիկաներով ստեղծագործել են Ռաֆաելը, Դյուրերը, Ռեմբրանտը, Գոյան, Մոնեն, Ռենուարը, Պիկասսոն և այլք: Ուստի ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության արժեքը և առավել լայն է ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը, հնարավորություն ընձեռելով, ավելի ամբողջական դիտարկել ձևաբանական նորագույն միտումները կերպարվեստում ընդհանրապես: Պարբերաբար կազմակերպվող ցուցադրություններն այդ տեղեկատվությունը թարմացնելու առաքելությունն ունեն: Այսպիսով, այս ցուցադրություն-մրցույթները, ճանաչողական խնդիրներից զատ, ունեն մշակութային ինտեգրացիոն նշանակություն: Թերևս նաև սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ միջազգային գրաֆիկական ֆորումների և դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է. Լոձում (Լեհաստան), փոքրածավալ գրաֆիկայի վերոհիշյալ տրիենալեին զուգահեռ, 2016թ.-ին մեկնարկեց Լոձի Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեն:
Խորհրդային շրջանում Ռուսաստանում, Բելոռուսում, Ուկրաինայում, մերձբալթյան երկրներում էստամպային արվեստը դրված էր ամուր հիմքերի վրա, ինչը լայն հանրահռչակման արդյունք էր: Այդ երկրներում այսօր էլ մեծ ուշադրություն է հատկացվում կերպարվեստի այս ոլորտին:
Ցավոք Հայաստանը կարծես անհաղորդ մնաց XX դարում առաջավոր աշխարհում առկա արվեստի այս տեսակը զարգացնելու միտումներին: Հանրապետությունում այսօր ապրում և աշխատում են տպագրական գրաֆիկայի երիտասարդ և միջին սերնդի հատուկենտ վարպետներ, որոնք միայն իրենց հետաքրքրասիրության ու պրպտողունակության շնորհիվ հասել են որոշակի բարձունքների՝ դառնալով բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների հաղթողներ, մրցանակակիրներ, նրանցից ոմանք անհատական ցուցադրություններով հրավիրվել են եվրոպական մի շարք երկրներ՝ անուն և հեղինակություն բերելով հայ մշակույթին: Սակայն Հայաստում գործող նկարիչների մեծ մասը գրեթե անտեղյակ է աշխարհում՝ էստամպի բնագավառում ընթացող զարգացումներին:
Այդուհանդերձ, վերջին տարիներին, իրավիճակը փոխելուն միտված որոշ մասնավոր ձեռնարկումներ են իրականացվում: Այս նախաձեռնություններից առաջինը, «Արթ գրուպ» ստեղծագործական խմբի կողմից 2007թ.-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված գեղարվեստական տպագրության «Էստամպ 2007» միջազգային ցուցահանդեսն էր: Այն առանձնանում էր ներկայացված արվեստագետների լայն աշխարհագրությամբ և գրաֆիկական թերթերի գեղարվեստական բարձր մակարդակով: Հրավիրված օտարազգի և հայ մասնագետների վարպետության դասերը, ցուցահանդեսի ողջ ընթացքում, ուսանողների անընդհատ հոսք ապահովեցին: Այս ցուցահանդեսը նշանակալի իրադարձություն դարձավ մայրաքաղաքի մշակութային կյանքում: Ցավոք այն շարունակություն չունեցավ և մնաց որպես միանգամյա նախաձեռնություն:
2013թ.-ից հայ գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացմանը նպաստող գործունեություն ծավալեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը: Մասնակցելով «Հայաստան-Էստոնիա մշակութային առաքելություն» նախաձեռնությանը, կազմակերպությունը 2013թ.-ի հունիսին Էստոնիայի Նկարիչների միությունում ներկայացրեց նկարիչներ Տիգրան Սահակյանին, Արման Վահանյանին, Տիգրան Կիրակոսյանին և Աշոտ Գրիգորյանին:
2014թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Տիգրան Սահակյանն, Արման Վահանյանն ու Տիգրան Կիրակոսյանը հնարավորություն ստացան աշխատելու Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի էստամպի ավանդական տեխնիկաների և «Ալբատրոս էդիշնս»/"Albatross Editions" օֆսեթ վիմատպության արվեստանոցներում: Ծրագրի ավարտին, Էստոնիայի Ազգային գրադարանում բացվեց «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայավեցին Տալլինում գտնվելու ժամանակահատվածում հայ նկարիչների ստեղծած գրաֆիկական թերթերը (օֆսեթ վիմատպություն, մենատիպ, չոր ասեղ): Հետագայում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ցուցադրությունը ներկայացրեց նաև Հայաստանում:
2015թ.-ին կազմակերպության ջանքերով, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիտցբուրգ Ժամանակակից արվեստի թանգարանի և Հալլեի (Գերմանիա) քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, մեկնարկեց «Արվեստագետների կացարան» երկարաժամկետ ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում ընտրված արվեստագետին տաս շաբաթ շարունակ աշխատել Հալլեի «Բուրգ Գիբիխենշտայն»/"Burggiebichenstein" Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական և գրաֆիկական արվեստանոցներում:
Նախագծի առաջին մասնակիցն էր նկարիչ Տիգրան Կիրակոսյանը, որի «Ձայներ անցյալից» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բացվեց 2015թ.-ի մայիսին, «Մորիցբուրգ» Ժամանակակից արվեստի թանգարանում: Այն ներառում էր ծրագրի շրջանակներում արվեստագետի կողմից մենատիպի և չոր ասեղի տեխնիկաներով կատարված տպագիր թերթերը:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում 2015թ.-ի հունիսին Հայաստանի Նկարիչների միությունում կայացավ Էստոնական արդի գեղարվեստական տպագրության «Գոյության զարմանքը» լայնածավալ ցուցահանդեսը: Հիմնական ցուցադրության մաս էին կազմում նաև էստոնական ժամանակակից գրքարվեստի բնագավառում 2014թ.-ին լավագույնը ճանաչված 30 գրքերը: Ցուցահանդեսի ընթացքում «Էստոնական գեղարվեստական տպագրությունը երեկ, այսօր և վաղը» ծավալուն զեկույցով հանդես եկավ Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի նախագահ տիկին Ինգա Հեամեգին, կազմակերպվեց էստոնացի արվեստագետ Տարրվի Լաամանի փայտագրության (քսիլոգրաֆիա) տեխնիկային նվիրված վարպետության դասը:
2016թ.-ի ապրիլին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Տիգրան Կիրակոսյանի Էստոնիայում և Գերմանիայում ստեղծած տպագիր աշխատանքներն՝ արդեն նոր համադրմամբ, ներկայացրեց գերմանական Բոնն քաղաքի «Կուռֆյուրստլիխես Գերտներհաուզ»/“Kurfürstliches Gärtnerhaus” ցուցասրահում, նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսին` «Տիգրան Կիրակոսյան. վերադարձ դեպի ներկա» խորագրի ներքո:
Հարկ է փաստել, որ վերջին տարիների ընթացքում իրականացված այս նախաձեռնությունների արդյունքում ոլորտում պատկերը որոշակիորեն փոխվել է. նկատելի է հետաքրքրության և ընդհանուր տեղեկացվածության աճ: Այսօր առավել շատ երիտասարդ արվեստագետներ են դիմում գեղարվեստական տպագրության այս կամ այն միջոցին, հայաստանյան ցուցասրահներում ավելի հաճախ կարելի է տեսնել էստամպի որևէ տեխնիկայով ստեղծված աշխատանքներ:
Գիտակցելով հայ արվեստում գեղարվեստական տպագրության առկայության և այս ոլորտում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կայացման կարևորությունը, հաշվի առնելով դաշտում գործող արվեստագետների նվաճումներն ու ներուժը, ինչպես նաև ամփոփելով այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, կուտակած փորձն ու առկա արդյունքները, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, «Էստամպ 2007» միջազգային ցուցահանդեսից տաս տարի անց, հետամուտ է լինում «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի իրագործմանը:
28.01.2017
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտե